Բանգլադեշում վեցհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 19-ի
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում վեցհարկանի շենքի նկուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավոր է մոտ 100 մարդ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է սակրավորների ստորաբաժանման հրամանատար Մաշիուր Ռահմանը՝ շեշտելով, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ նկուղում կուտակված գազը։
«Կասկածներ ունենք, որ վեցհարկանի շենքի նկուղում կուտակված գազը կարող էր պայթյունի պատճառ դառնալ: Գազը կարող էր ներթափանցել շենքի կոյուղու կամ ջրամատակարարման խողովակների միջոցով», - հայտարարել է Ռահմանը՝ հավելելով, որ միջադեպի ճշգրիտ պատճառը պարզելու համար լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն կլինի։
Սակրավորների հատուկ ստորաբաժանումը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի նկուղում, պայթուցիկի նյութերի հետքեր առայժմ չեն հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ գազի քաղաքային ծառայությունը հերքում է այն հավանականությունը, որ գազը կարող էր նման ողբերգական միջադեպի պատճառ դառնալ, և հորդորում է սպասել մինչև հետաքննության ավարտը։
Հիշեցնենք, որ նախօրեին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի շենքերից մեկում պայթյուն էր որոտացել։ Միջադեպը տեղի էր ունեցել ժամը 16:45-ի սահմաններում BRTC ավտոբուսի կանգառից ոչ հեռու:
Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի և շուրջ 140 վիրավորի մասին։