Կիևում հայտարարել են փոխանակման արդյունքում 130 գերիների վերադարձի մասին
Ռազմագերիների փոխանակման շրջանակում Ուկրաինա է վերադարձել 130 մարդ, այդ թվում՝ 4 կին, հայտնել է երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Վերադարձողների թվում են զինվորականներ, ազգային գվարդիայի աշխատակիցներ և Պետական տրանսպորտի հատուկ ծառայության աշխատակիցներ, սահմանապահներ։ Երմակի տվյալներով՝ նրանցից 87-ը մասնակցել են Մարիուպոլի պաշտպանությանը, այդ թվում՝ 71-ը՝ «Ազովստալ» գործարանի տարածքում։ Դոնեցկի ուղղությամբ, մասնավորապես, Բախմուտի և Սոլեդարի շրջաններում, գերի է ընկել 35 մարդ։
«Մարդկանց մեծ մասը, որոնք այսօր վերադառնում են, լուրջ վնասվածքներ են ստացել»,- ասել է Երմակը:
Մարտի 7-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գերությունից 90 զինվորի վերադարձի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ «գերության մեջ նրանք մահացու վտանգի տակ են եղել»։ Վերադարձածները կտեղափոխվեն Մոսկվա, նրանք բուժում կստանան պաշտպանության նախարարության բուժհաստատություններում։
Գերիների նախորդ փոխանակում տեղի է ունեցել նաև փետրվարի 16-ին։ Այդ ժամանակ Ռուսաստան է վերադարձել 101 մարդ։ Կիևում հայտարարել են 100 զինվորի ազատ արձակման մասին։