Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ
Իվետա Մուկուչյանի տեսահոլովակներն ու հիթերն արագ սիրվում են լսարանի կողմից, բայց երգչուհին նաև փորձարկումների սիրահար է: Նա ներկայացրել է տեսահոլովակ, որը նկարահանվել է հեռախոսով և առանց հավելյալ սարքավորումների:
Ստեղծագործությունը նկարահանվել է «Մարգարիտ» երգի հիմանն վրա, իսկ աշխատանքի հեղինակը հենց Իվետանն է: Երգչուհին պատմել է՝ ինչպես է ստեղծվել տեսահոլովակը:
«Այս տեսահոլովակը նկարահանվել է միայն մեկ iPhone-ով մեր սիրելի քաղաքում՝ Գյումրիում, այս հնաոճ հայկական տանը, որին ձեռք չեն տվել 90-ականների սկզբից։ Ոչ մի սցենար, ոչ լրացուցիչ սարքավորում, առանց ոճաբանի և դիմահարդարի: Պարզապես մենք ունենք փոքրիկ ճանապարհորդություն և անմոռանալի օր»,- ասաց նա:
Երգչուհին Գյումրի գնալիս մոռացել է ճամպրուկը:
«Ես հագել էի Lon-ի բաճկոնը, տաբատը և կոշիկները, քանի որ երբ ուղևորվում էինք Գյումրի՝ դեպի 90-ականներ հիշեցնող տուն, ճամպրուկը մոռացել էինք Երևանում: Այս տունը բոլորիս մեր մանկությունն է հիշեցնում»,- գրել է նա ինստագրամյան իր էջում:
Տեսահոլովակում կան նաև ծխելու կադրեր, բայց երգչուհին նշել է, որ չի ծխում:
«Ես չեմ ծխում, հիշեք՝ ծխելը վնասակար է առողջության համար»,- գրել է նա: