Թբիլիսիում ցուցարարները քարեր ու շշեր են նետել հատուկ ջոկատայինների վրա
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի մասնակիցները, ովքեր դեմ են Վրաստանում ««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունմանը, քարեր ու շշեր են նետում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վրա, իրավապահները շարունակում են արցունքաբեր գազ օգտագործել ամբոխը ցրելու համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Հատուկ ջոկատայինները շարունակում են օգտագործել ջրցան մեքենաներ և ուժեղ արցունքաբեր գազ ցուցարարների դեմ: Մարդիկ պատսպարվում են ապահով վայրերում, իսկ հետո նորից վերադառնում ու քարեր, շշեր և տարբեր առարկաներ են նետում իրավապահների վրա: Տեղեկություններ են տարածվում, որ ձերբակալություններ են սկսվել»,-հայտնել է վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, առավոտից բողոքի ցույց է ընթանում, ցուցարարները դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունմանը, որն ընդունվել է երեկոյան՝ առաջին ընթերցմամբ։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում, 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։