Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ նոր գործադուլը տեղի կունենա
Ֆրանսիայում մարտի 11-ին նոր համազգային գործադուլ է սպասվում կենսաթոշակային բարեփոխման նախագծի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` նշելով, որ ամբողջ Ֆրանսիայում նոր ցույցեր կանցկացվեն կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ արդեն յոթերորդ համազգային գործադուլի ֆոնին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ մարտի 7-ին Ֆրանսիայում անցկացվում է տարեսկզբից ի վեր վեցերորդ ցույցը ՝ կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64 տարեկան բարձրացնելու դեմ։ Փարիզում ակցիային մասնակցելու նպատակով հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Ըստ աղբյուրի՝ Ռենում, Նանտում և Լիոնում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունն արդեն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին օրինագիծ է ներկայացրել, որը ենթադրում է երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացում և կվերացնի «հատուկ» ռեժիմները մի շարք բարդ մասնագիտությունների համար: Նրա խոսքով ՝ իշխանությունները կսկսեն 2023 թվականի սեպտեմբերի 1-ից երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել տարեկան երեք ամսով։ Այսպիսով, մինչև 2030 թվականը այն կհասնի 64 տարեկանի։
Բարեփոխումը բողոքի ալիք է բարձրացրել ֆրանսիական հասարակության մեջ։ Երկու ամսում Ֆրանսիայում արդեն 5 համազգային ցույց է անցկացվել։ Առաջին երկուսը, որոնք տեղի են ունեցել հունվարի 19-ին և 31-ին, հավաքել են ավելի քան մեկ միլիոն մասնակից ամբողջ երկրում: