Ռեստորանի տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ու մայրաքաղաքի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ի գիշերը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել անցած տարվա դեկտեմբերից հետախուզվող 29-ամյա մի երիտասարդ:
Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերի 13-ին արտաշատցի 29-ամյա երիտասարդը միջամտել էր Երևան-Երասխ ճանապարհի հարակից ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած վեճին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մասնակիցներից մի քանիսին, ապա հրազենից կրակոցներ էր արձակել: Դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» ատրճանակ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին, ապա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է: