Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը
Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի աշխատանքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը:
«Երեքշաբթի գիշերը ժամը 02:07-ին Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը նյութական վնասներ է պատճառել օդանավակայանին, և դրա աշխատանքը խափանվել է», - SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը:
Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ: