Արցախում առաջիկայում պատրաստվում են Անդրեյ Վոլկովի հրաժարականը պահանջել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին աճել են հակառուսական տրամադրությունները։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են խաղաղապահների զորամիավորման կենտրոնի առջեւ բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաեւ՝ զինել արցախցիներին՝ ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ իշխանությունները պարտավորություն էին ստանձնել՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին զենքով ապահովելու, սակայն մինչ օրս չեն կատարել իրենց խոստումը։ Բայց դիվերսիայից հետո հրահանգ են իջեցրել՝ ոչնչացնել հարձակված ահաբեկիչներին, որոնց դիակները մնացել են դեպքի վայրում ընկած։ Դիակները թույլ են տվել տանել միայն ռուս խաղաղապահների միջնորդությունից հետո»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։