Կոտ դ’Իվուարում ֆուտբոլիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունն ու հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել
Իվուարական «Ռասինգ Աբիջան» ակումբի եզրային պաշտպան Սիլլա Մուստաֆան վատ է զգացել տեղի Լիգա 1-ի հանդիպման ժամանակ։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին խաղացողը մահացել է։
«Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և Գործադիր կոմիտեն ցավով հայտնում են «Ռասինգ Աբիջանի» ձախ պաշտպան Սիլլա Մուստաֆայի մահվան մասին: Լիգա 1-ի 20-րդ տուրի «Սոլ» թիմի հետ հանդիպման ժամանակ խաղացողն ընկել է խոտածածկին։ Նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին 21-ամյա ֆուտբոլիստը մահացել է։
Ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի ընտանիքին, «Ռասինգ» ֆուտբոլային ակումբին, ինչպես նաև իվուարյան ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամներին»,- ասված է Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սիլան «Ռասինգում» էր անցած տարվա սեպտեմբերից: 2020 թվականին Աբիջանի թիմը դարձել էր Կոտ դ’Իվուարի չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am