Պուտինը Ռայիսիի հետ քննարկել է համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նրա գործընկեր Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում դրական են գնահատել Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Երկու կողմից դրական գնահատական Է տրվել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակին ու դինամիկային: Քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը», - նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումները պահպանելու շուրջ։
Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ այսօրվա հեռախոսազրույցը երրորդն է 2023 թ.-ի սկզբից ի վեր. Պուտինն ու Ռայիսին հունվարին ևս երկու հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ-ի և Իրանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային նախագծերից մեկը Հյուսիս-Հարավ միջանցքն է։
Հյուսիս-Հարավ մուլտիմոդալ փոխադրամիջանցքի ստեղծման շուրջ միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից ստորագրվել է 2000 թ.-ին։ Հետագայում մասնակիցների կազմը հասել Է 14-ի:
Ծրագրի նպատակն է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից բեռնափոխադրումների տարանցում իրականացնել Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա (Սուեզի ջրանցքով ծովային երթուղու համեմատությամբ հեռավորությունն ավելի քան կրկնակի կրճատվում է, ինչը նվազեցնում է փոխադրումների ժամկետներն ու արժեքը):
Այժմ նախագիծը միավորում է առանձին պետությունների մի քանի տարբեր փոխադրահամակարգեր: