Ստամբուլում ահաբեկչության համար մեղադրվող կնոջը սպառնում է ավելի քան 3000 տարվա ազատազրկում
Անցած տարվա նոյեմբերին Ստամբուլում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվողին սպառնում է ավելի քան 3000 տարվա ազատազրկում, Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է gazeta.ru-ն`Anadolu գործակալությանը հղումով։
Ստամբուլի 13-րդ քրեական դատարանը մայիսի 9-10-11-ին նշանակել է տվյալ գործով առաջին նիստերը. ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 36 մարդու, այդ թվում՝ ահաբեկչության իրագործող կնոջը՝ Ահլամ ալ Բաշիրին։
Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր ևս ութ մարդու՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ փողոցում իրականացված ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով։
Նշվում է, որ մեղադրյալները կասկածվում են ահաբեկիչներին աջակցելու և նրանց ապաստան տալու համար։ Հայտնի է, որ երկու ձերբակալված օգնել է հարձակումն իրականացրած Սիրիայի քաղաքացի Ահլամ ալ Բաշիրին Սիրիայից ապօրինի մուտք գործել Թուրքիա։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկի հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչություն է։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։