Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իրակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։