Վիրահատությունից հետո ամերիկացի երգչուհին կորցրել է ձայնը և սկսել խոսել ռուսական առոգանությամբ
Ամերիկացի նախկին երգչուհին վիրահատվել է պարանոցի հատվածում և կորցրել հարազատ ձայնը՝ հանկարծակի խոսելով ռուսերենի ուժեղ առոգանությամբ, որը հետագայում փոխվել է ուկրաիներենի և ավստրալերենի։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Independent-ը։
39-ամյա Էբբի Ֆենդերի մոտ պարանոցի ճողվածքի վերականգնելու վիրահատությունից հետո ախտորոշվել է օտար ակցենտի համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, որն ազդում է միայն մոտ 100 մարդու վրա ամբողջ աշխարհում: Աղջկա խոսքով՝ վիրահատության հաջորդ օրը արթնանալով հիվանդանոցում՝ հասկացել է, որ իր ձայնը «արգելափակվել է», իսկ «տեխասյան» առոգանությունն՝ անհետացել։
Ֆենդերը պատմել է, որ սկսել է անզուսպ խոսել շատ բարձր ձայնով և ուժեղ ռուսերեն առոգանությամբ. իրեն նույնիսկ «Ռուս Մինի Մաուս» են անվանել։ Վերջերս նրա առոգանությունը փոխվել է ուկրաիներենի և ավստրալիականի: Աղջիկը խոստովանել է, որ ուկրաինացիները հաճախ իրեն շփոթում են համերկրացու հետ և հարցնում, թե որ քաղաքից է։
Աղջիկը կրկին դիմել է բժիշկների, սակայն ոչ ոք չի կարողացել պարզել տարօրինակ փոփոխությունների պատճառը։ Այնուամենայնիվ, Ֆենդերը չի հուսահատվել և սկսել է աշխատել լոգոպեդի հետ. մասնագետի օգնությամբ նա կարողացել է իջեցնել ձայնը և հանգստացնել պարանոցի մկանները, որպեսզի նորից խոսի բնական ձայնով:
Ավելի վաղ՝ հունվարին, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի բնակիչն իր կատաղի բացականչություններով վռնդել էր գողերին, ովքեր ուշ գիշերին փորձում էին գողանալ հարեւանի մեքենան։ Տղամարդու հարևանները կատակել են, որ նա պետք է արտոնագրի ձայնը և ձայնագրությունը վաճառի որպես անվտանգության համակարգ։