Իտալիան և ԱՄԷ-ն ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ընդունել
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմեդ բին Զաեդ ալ Նահյանը մարտի 4-ին Աբու Դաբիում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է WAM լրատվական գործակալությունը։
Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրներն ամրապնդելու են հարաբերությունները երկկողմ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական, դիվանագիտական, միջազգային, տնտեսական ու առևտրային փոխգործակցությունները։
Իտալիան և Միացյալ Արաբական Էմիրությունները ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը պաշտպանության, արդյունաբերության և ջրային անվտանգության, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ոլորտներում։