Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ Մոսկվա) մարտի 4-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: