Օհայոյում տեխնածին աղետի գոտու բնակիչները պահանջում են վերաբնակեցնել իրենց
Օհայոյի նահանգի Իսթ Փելեսթայն բնակավայրի բնակիչները երկաթգծի օպերատորից պահանջել են վերաբնակեցնել իրենց, քանի որ վախենում են ապրել իրենց տներում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է NPR պարբերականից։
Իսթ Փելեսթայնի շրջանում փետրվարի 3-ին ռելսերից դուրս էր եկել քիմիական նյութեր տեղափոխող գնացքը: Ըստ օպերատոր-փոխադրողի տեղեկատվության՝ ավելի քան 100 վագոններից 20-ի մեջ եղել են վտանգավոր նյութեր, 14-ը փոխադրելիս Է եղել խիստ թունավոր վինիլքլորիդ:
Պարբերականը նշում է, որ Norfolk Southern տրանսպորտային ընկերության ներկայացուցչի հետ հանդիպմանը տեղի բնակիչները պահանջել են «ճիշտ վարվել» և վերաբնակեցնել իրենց։
«Այստեղ ապահով չէ», - մեջբերում է պարբերականը մարդկանց խոսքերը, որոնք նաև նշել են, որ դեռ ապրում են հյուրանոցներում և առողջական խնդիրներ ունեն:
Երկաթգծի օպերատորը հայտնել է, որ պատրաստ է ռելսերի տակից հանել և տեղափոխել թունավորված հողը, սակայն մերձակայքի բնակիչների համար տներ գնելու և նրանց վերաբնակեցնելու հարցը չի քննարկվել:
Շատերը վախենում են, որ բնակավայրն ապահով չի լինի իրենց երեխաների համար, քանի որ մտավախություն ունեն, որ արտանետված դիօքսինը հետագա տարիներին էլ կարող է վնաս պատճառել:
Ըստ տեղական վարչակազմի՝ ստուգումները ցույց են տվել, որ բնակավայրի օդն աղտոտված չէ: Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսթ Փելեսթայնի բնակիչները մեղադրում են ԱՄՆ կառավարությանը տեխնածին աղետից հետո անգործության մեջ։