Թալիբները հուշագիր են ստորագրել Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի ընկերությունների հետ. ՌԴ ԱԳՆ
Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը, ռուսական բիզնեսի ներկայացուցիչները, իրանցի ներդրողները և Պակիստանի մասնագետները փետրվարի սկզբին Քաբուլում մտադրությունների մասին հուշագիր են ստորագրել 1 միլիարդ դոլար ընդհանուր կապիտալիզացման ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ:
Հուշագիրն, այդ թվում, ենթադրում Է Հերաթում ածխային ՋԷԿ-ի կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և գազատարի արդիականացում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։
ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ «Ռուսաստանի և Աֆղանստանի միջև 1 միլիարդ դոլարի առևտրային միության ստեղծման մասին տեղեկատվությունը» հիմնված է աֆղանական իշխանությունների կողմից ռուսական մասնավոր ընկերություններից մեկի հետ ձեռք բերված համաձայնագրի ոչ ճշգրիտ հրապարակային մեկնաբանության վրա»:
«Աֆղանստանի տարածքում մի շարք ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ փետրվարի 5-ին Քաբուլում ստորագրված մտադրությունների մասին քառակողմ (Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարարություն, մի խումբ իրանցի ներդրողներ, մի խումբ պակիստանցի մասնագետներ և ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ) հուշագրի համաձայն՝ ռուսական «ԿԷՌ-Holding» տնտեսական օպերատորը պլանավորում է Սամանղանի նահանգում կառուցել 200 ՄՎտ հզորությամբ ածխով աշխատող ջերմաէլեկտրակայան», - ասել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում:
«1 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր ենթադրվող կապիտալիզացմամբ հուշագրում նշվում են ևս յոթ ներդրումային նախագծեր. Քաբուլ-Միլաք ավտոմայրուղու կառուցումը (Նիմրուզի նահանգ), «Սալանգ» թունելի, Փանջշեր-Քաբուլ ջրատար համակարգի վերակառուցումը, օգտակար հանածոների արդյունահանումը, Հերաթի նահանգում գազատարի արդիականացումը, ածխի հանքավայրերի զարգացումը, ինչպես նաև ջրի մաքրման կայանների կառուցումը», - պարզաբանել են ԱԳՆ-ում։