Ավստրալացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է կենդանի բջիջներ տպել անմիջապես մարդու օրգանիզմում (տեսանյութ)
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները ներկայացրել են սարքի նախատիպ, որը կարող է կենդանի բջիջները տպել ներքին օրգաններում և կարող է օգտագործվել որպես բազմակողմանի վիրաբուժական էնդոսկոպիկ գործիք: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է newsroom.unsw.edu.au կայքը։
Մասնավորապես, գիտնականները մշակել են փոքր և ճկուն ռոբոտացված ձեռք, որը կարող է թափանցել մարդու օրգանիզմ և որպես տպագրական նյութ օգտագործել կենդանի բջիջների կենսաթանաքը: Այն ի վիճակի է աշխատել ինչպես մուտքագրված գործողությունների ալգորիթմի համաձայն, այնպես էլ ձեռքով կառավարվել իրական ժամանակի ռեժիմում։
Հետազոտող թիմն արդեն փորձարկել է սարքն արհեստական հաստ աղիքի ներսում, որտեղ այն կարողացել է անցնել սահմանափակ տարածությամբ՝ նախքան օրգանի մակերեսի վրա հաջողությամբ 3D տպագրություն անելը:
Մասնագետները հուսով են, որ հետագա զարգացմամբ, և գուցե հինգից յոթ տարվա ընթացքում, տեխնոլոգիան կարող է օգտագործվել բժշկության ոլորտի մասնագետների կողմից՝ մաշկի փոքր կտրվածքների կամ բնական բացվածքների միջոցով մուտք գործելու համար մարմնի ներսում դժվար հասանելի տարածքներ: