Դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 3-ին, կայացավ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մերձավորների՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը, որը նախագահում է դատավոր Նարինե Ավագյանը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա։ Ըստ հայցի՝ դատախազությունը պահանջում է բռնագանձումներ կատարել Էլյա Կորյունի Գրիգորյանից, Նաիրա Մանվելի Գրիգորյանից, Կարեն Մանվելի Գրիգորյանից, Արման Մանվելի Գրիգորյանից, Նազիկ Հովհաննեսի Ամիրյանից, Արա Մանվելի Գրիգորյանից, Սամվել Մանվելի Գրիգորյանից, Այծեմնիկ Մանվելի Գրիգորյանից, Արփենիկ Մանվելի Գրիգորյանից և Վազգեն Մանվելի Գրիգորյանից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես նոր պատասխանող ներգրավվել Լուիզա Գրիգորյանին, որը Մանվել Գրիգորյանի հետ փոխկապակցված մեկ այլ անձի՝ Արման Գրիգորյանի կինն է։
Պատասխանողների ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ չի առարկում միջնորդության դեմ, քանի որ պատասխանողների շրջանակը որոշում է հայցվորը, այս դեպքում՝ դատախազությունը։
Դատարանը որոշեց ներկայացված միջնորդություն մերժել՝ Լուիզա Գրիգորյանի դեմ նյութաիրավական պահանջ չներկայացնելու հիմքով։
«Մենք ունենք գույքերի շրջանակ, որոնք, մեր կարծիքով, ապօրինի են և Մանվել Գրիգորյանի մահից հետո ժառանգության իրավունքով փոխանցվել են ժառանգներին։ Մեր պահանջի մի մասը կազմում են այդպիսի գույքի բռնագանձումները։ Բայց նաև առկա են գույքեր, որոնք պատկանել են Մանվել Գրիգորյանին, բայց հիմնավորվել են օրինական եկամուտներով կամ կհիմնավորվեն՝ պատասխանողների կողմից ներկայացվելիք ապացույցներով։ 19.236.606 և 17.027.871 դրամական պահանջը պետք է ապահովվի Մանվել Գրիգորյանին պատկանած օրինական եկամուտներով հիմնավորվող գույքերի հաշվին։ Դրամական պահանջը պետք է բռնագանձվի այլ գույքերի հաշվին»,-նշեց դատախազության ներկայացուցիչը։
Լևոն Բաղդասարյանը փորձեց ճշտել․ եթե ժառանգությունը համարվում է օրինական ճանապարհով ձեռք բերված գույք, ապա ինչու է նման գույքերի վերաբերյալ բռնագանձման պահանջ ներկայացվել՝ նկատի ունենալով Մանվել Գրիգորյանի հոր և մոր կողմից որդուն՝ որպես ժառանգություն փոխանցված գույքը։
Գևորգ Քոչարյանը նշեց, որ եթե ժառանգությամբ ստացվել են գույքեր, որոնք դատախազության դիրքորոշման համաձայն ձեռք են բերվել Մանվել Գրիգորյանի, ոչ թե նրա ծնողների միջոցներով, ապա դրանք ժառանգության իրավունքով այլ անձի փոխանցումը նշանակություն չունի․ «Ժառանգությամբ ստացված գույքերը ներառվել են պահանջի մեջ նրա համար, որովհետև մենք համարում ենք, որ ի սկզբանե դրանք ձեռք են բերվել Մանվել Գրիգորյանի կողմից։ Դրանց իրական շահառուն ի սկզբանե հանդիսացել է Մանվել Գրիգորյանը»։
Դատախազը նշեց նաև, որ Մանվել Գրիգորյանի հայրը և մայրը՝ Սեկտոր Գրիգորյանը և Արփենիկ Ավագյանը, իրենց մահվանից հետո կտակով իրենց անվամբ գրանցված գույքերը ժառանգել են բացառապես Մանվել Գրիգորյանին՝ այն պայմաններում, երբ նրանք ունեցել են այլ զավակներ․ «Այդ հանգամանքը, ի թիվ այլ հանգամանքների, վկայում է այն մասին, որ դրանք ի սկզբանե պատկանել են Մանվել Գրիգորյանին։ Վերջինս մյուս զավակների համեմատ ամենաապահովվածն էր։ Բացի այդ, Սեկտոր Գրիգորյանի և Արփենիկ Ավագյանի եկամուտների վերաբերյալ որևէ տվյալ չի ստացվել, այսինքն, նրանք եկամտի որևէ աղբյուր չեն ունեցել տվյալ գույքերը ձեռք բերելու համար»։
Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ դատախազությանը ներկայացրել է համապատասխան ապացույցներ այն մասին, որ Մանվել Գրիգորյանի հայրը և մայրը գույք ձեռք բերելու համար ունեին համապատասխան միջոցներ․ «Ի՞նչ կասեք դրա հետ կապված»։
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ իրենց ուսումնասիրության ծավալն ամփոփված է ներկայացված հայցադիմումում և դրան կից նյութերում։
Պարզման ենթակա հարցերի ճշգրտման հետ կապված դատարանը նպատակահարմար գտավ նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց մարտի 27-ը։