Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն) նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Վարույթով պարզվել էր, որ Գ.Թ.-ն (Գրիշա Թամրազյան), զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:
2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Թ.-ի նկատմամբ. Գ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: