Աղազարյանի հետ ծեծի բռնված կարտոֆիլավաճառը ձերբակալվել է
Արդեն հայտնել ենք, որ վաղ առավոտյան Արաբկիր վարչական շրջանի կարտոֆիլի շուկա կոչվող հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և կարտոֆիլ վաճառող մի տղամարդու միջև։
MediaHub.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ գործի առնչությամբ վարույթ է սկսվել, պատգամավոր Հովիկ Աղազարյանը ճանաչվել է տուժող։
Նշենք, որ Աղազարյանը դեպքը մեկնաբանել ու նշել է, թե իր կնոջ հետ առևտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթևեկելի հատվածի մի մասը առևտրականները փակել և բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին առևտրականներն ընդդիմացել են և սկսվել է քաշքշոց։
MediaHub.am-ը եղել է դեպքի վայրում, որտեղ ականատեսներն այլ բան են պատմել։
Մասնավորապես, նշել են, որ Աղազարյանը մոտեցել ու ոտքով հարվածել է կարտոֆիլի պարկերին, բանջարեղենը թափվել է գետնին, իսկ պատգամավորը սկսել է հայհոյել վաճառողին, որը մոտեցել և իրեն հարցրել է՝ «ի՞նչ է եղել, հոպար ջան»։
Այդ ամենից հետո փոխադարձ հայհոյանքների տարափ է եղել, ապա Աղազարյանը ոստիկանություն է դիմել։