Սեուլը չի փորձի միջուկային զենք ստանալ Հյուսիսային Կորեային դիմակայելու համար. Հարավային Կորեայի վարչապետ
Սեուլը միջուկային զենք ստանալը ճիշտ պատասխան չի համարում Հյուսիսային Կորեայի սպառնալիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Հարավային Կորեայի վարչապետը։
Հան Դոկ Սուն հայտնել է, որ հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հարավային Կորեան պետք է վերազինվի, իսկ միջուկային հնարավորությունների առումով՝ ավելի հեռուն գնա:
Ըստ անցյալ փետրվարին հրապարակված մի հարցման՝ հարցվածների 71%-ը կողմ է արտահայտվել այն բանին, որ Սեուլն իր սեփական միջուկային զենքը մշակի: Հարավային Կորեայի վարչապետն ընդգծել է, որ Սեուլն իր զինանոցում բավականաչափ սպառազինություն ունի Հյուսիսային Կորեայի «անհեթեթ նկրտումները» հետ մղելու համար, և որ միջուկային զենքի մշակումը «ճիշտ ուղին չէ»:
«Մենք պետք է աշխատենք միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի՝ մեր մերձավոր դաշնակցի հետ… և պետք է շարունակական ճնշում գործադրենք, որպեսզի Հյուսիսային Կորեան միջուկազերծվի», - ասել է Հան Դոկ Սուն:
Վարչապետը հավելել է, որ հանուն դրա Սեուլը «կմեծացնի զսպման հնարավորությունները», սակայն չի փակում «երկխոսության ուղիները» Փհենյանի համար։
«Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել: Հյուսիսային Կորեան է, որ պետք է փոխվի... Ցավալի է, որ մինչ այժմ Հյուսիսային Կորեան չի արձագանքել (երկխոսության ջանքերին) այնպես, ինչպես մենք կցանկանայինք», - հայտարարել Է Հան Դոկ Սուն:
Ավելի վաղ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինը նույնպես CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Փհենյանի հետ կապի ոչ մի ուղի ներկայում չի աշխատում, և Սեուլը պետք է «ստեղծի այնպիսի իրավիճակ», որ Փհենյանն ստիպված լինի վերադառնալ միջուկազերծման շուրջ բանակցություններին։
Նախարարի խոսքով՝ Հյուսիսային Կորեան երկխոսության սեղանի շուրջ կնստի միայն այն ժամանակ, երբ զգա, որ Սեուլն ուժ ունի, ուստի բանակցությունները շարունակելու համար Հարավային Կորեան կամրապնդի պաշտպանական հնարավորությունները։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Չոն Հին միջուկային զենք ձեռք բերելու ցանկության մասին առաջին անգամ նշել էր 1975 թ.-ին: Սակայն ԱՄՆ-ի ճնշման ներքո 1975 թ. ապրիլի 23-ին Հարավային Կորեան վավերացրեց Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
ԱՄՆ-ի մարտավարական միջուկային զենքը Հարավային Կորեայում տեղակայվել Է 33 տարի շարունակ՝ 1958-ից մինչև 1991 թվականները: 1992 թ.-ին ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան ընդունեցին Կորեական թերակղզու միջուկազերծման համատեղ հռչակագիր, որով նրանք պարտավորվեցին միջուկային զենք չստեղծել, բայց կարող են օգտագործել խաղաղ ատոմը։