Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել սպառազինությունների վաճառքը Թայվանին: Պեկինը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը պաշտպանելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին խստորեն պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը և ամերիկա-չինական երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին և ռազմական կապերը Թայբեյի ու Վաշինգտոնի միջև, ինչպես նաև դադարեցնել լարվածության ստեղծումը Թայվանի նեղուցում», - հայտարարել Է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ «Չինաստանը կշարունակի վճռական և գործուն միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու համար»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թայվանին շուրջ 619 միլիոն դոլարի զենքի հնարավոր վաճառքին:
Մատակարարումները կընդգրկեն նաև հարյուրավոր հրթիռներ F-16 կործանիչների համար: ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկվող զենքի վաճառքի մասին Կոնգրեսին տեղեկացրել է մարտի 1-ին: Այժմ օրենսդիր մարմինը մեկ ամիս ժամանակ ունի հնարավոր գործարքը վերանայելու և դրա հնարավոր արգելափակման մասին որոշում կայացնելու համար: Չինաստանը Թայվանը համարում է իր ինքնիշխան տարածքի մի մասը: Կղզու շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Նենսի Փելոսին այցելեց Թայվան:
Չինաստանը դատապարտել է Փելոսիի այցը՝ դա համարելով Վաշինգտոնի կողմից աջակցություն Թայվանի անջատողականությանը: Դրանից հետո Պեկինը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել կղզու շուրջ: