Կիևում դասական սադրանք են որակել ուկրաինացի դիվերսանտների մասին ՌԴ-ի տարածած տեղեկություններին
Ռուսաստանի Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունները հենց Ռուսաստանի կողմից իրականացված գիտակցված սադրանք են: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պոդոլյակը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական սադրանք է՝ լիովին գիտակցված: Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է վախեցնել սեփական ժողովրդին, որպեսզի արդարացնի մեկ այլ երկրի վրա հարձակումը և աղքատության աճը մեկ տարի պատերազմից հետո: Ռուսաստանի Դաշնությունում պարտիզանական շարժումը դառնում է ավելի ուժեղ և ագրեսիվ: Վախեցե՛ք ձեր պարտիզաններից...», - գրել է Պոդոլյակը։
Միևնույն ժամանակ Korrespondent-ը գրում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են մարդիկ, որոնք իրենց անվանում են Ռուսական կամավորական կորպուսի մարտիկներ: Ըստ պարբերականի՝ նրանք հայտնել են, որ եկել են՝ «հայրենակիցներին ցույց տալու, որ ազատ ռուս մարդիկ զենքով կարող են պայքարել ռեժիմի դեմ»:
Հիշեցնենք՝ ուկրաինացիները մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ մեկ տասնամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։