Վեճն ավարտվել էր դանակահարությամբ. 38-ամյա եղեգնաձորցին կալանավորվել է
Փետրվարի 11-ին, կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի և ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 32-ամյա 2 տղամարդ՝ երկուսն էլ Գետափ գյուղի բնակիչ։
Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց։ Նրանք հանցագործությունը բացահայտեցին ոստիկանության և քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գիշերը Եղեգնաձորի Միկոյան փողոցի խանութներից մեկում տուժածներից մեկը և 38-ամյա մի տղամարդ վիճել են։ Միջադեպից մոտ 1 ժամ հետո նրանց միացել են այլ անձինք, և վիճաբանությունը շարունակվել էր Երևան-Մեղրի ճանապարհին։ 38-ամյա եղեգնաձորցին բուժօգնության դիմած տղամարդկանց դանակահարել էր ու դիմել փախուստի։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։