Ուկրաինացի դիվերսանտները բաց են թողել պատանդ վերցված բուժակին. Պուտինին զեկուցում են Բրյանսկում իրավիճակի մասին
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզ ներթափանցած ուկրաինացի դիվերսանտները պատանդ են վերցրել, ապա ազատել Լյուբեչանե գյուղի բուժակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, ով ականատես է եղել միջադեպին։
«Ուկրաինացի դիվերսանտների հարձակման ժամանակ պատանդ է վերցվել Լյուբեչանե գյուղի բուժակը, նա այժմ ազատ է արձակվել։ Բուժաշխատողը անձնական մեքենայով դուրս էր եկել Նովի Ռոպսկ գյուղից, նա մեքենայում մենակ էր», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ականատեսի խոսքով՝ տեղի բնակիչներն իրենց տներում են, պատուհանները փակ են, ոչ ոք չի կարող հեռանալ, կրակոցների ձայներ են լսվում։
ТАСС-ը նաև հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր այցը Պյատիգորսկ՝ կապված Բրյանսկում տիրող իրավիճակի հետ: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Պուտինն ուսուցիչների հետ պլանավորված իր հանդիպումը կանցկացնի տեսակապի միջոցով:
Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը ԱԴԾ-ից, ՊՆ-ից և Ռոսգվարդիայից ստանում է զեկույցներ Բրյանսկի մարզում տիրող իրավիճակի և ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Պուտինը նաև կապի մեջ է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հետ:
ТАСС-ը նաև հաղորդում է, որ ուկրաինացի դիվերսանտների գործողությունների ժամանակ վիրավորում ստացած տասը տարեկան տղան գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ ուկրաինացիները մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։ Ուժային կառույցներից ТАСС-ին հայտնել էին, որ, հնարավոր է, դիվերսանտները պատանդ են վերցրել մինչև 6 մարդու։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկվում ՌԴ պետական սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։