ԱԴԾ-ն նոր մանրամասներ է հայտնել ուկրաինացի դիվերսանտների՝ ՌԴ ներթափանցման մասին
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկում ՌԴ պետական սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկիի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար», - նշել է ԱԴԾ-ն։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, հինգշաբթի առավոտյան մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտներ մտել են Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան։
Ըստ վերջին տեղեկությունների՝ նրանք մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկ 10-ամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։ Երկու գյուղերի միջև հեռավորությունը 15 կմ է: Նահանգապետը հայտնել է, որ խոսքը գնում է մի քանի տասնյակ զինված անձանց մասին:
Ուժային կառույցներից ТАСС-ին հայտնել են, որ, հնարավոր է, դիվերսանտները պատանդ են վերցրել մինչև 6 մարդու։
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայում՝ Բրյանսկի հետ սահմանամերձ շրջաններում, օդային տագնապ է հայտարարվել: