Հնդկաստանում հայտարարել են G20-ում ճգնաժամային հարցերի շուրջ խիստ տարակարծությունների մասին
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, հինգշաբթի օրը բացելով Մեծ 20-յակի (G20) արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը, հայտարարել Է, որ խմբի ներսում ճգնաժամային հարցերի շուրջ «խիստ տարակարծություններ» կան: Չնայած դրան՝ դիվանագետը կոչ Է արել շփման եզրեր գտնել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Եկեք հիշենք, որ G20-ի վրա հատուկ պատասխանատվություն է դրված: Այն առաջին անգամ Է հավաքվել գլոբալ ճգնաժամի ամենալարված շրջանում, և այսօր մենք, փաստորեն, կրկին բախվում ենք մի քանի ճգնաժամերի: Մենք չենք կարող միշտ միաբան լինել: Կան առանձին հարցեր, որոնց վերաբերյալ կարծիքներն ու տեսակետները կտրուկ տարբերվում են: Այնուամենայնիվ, մենք պետք է շփման եզրեր գտնենք և ուղղություն առաջարկենք, քանի որ հենց դա Է մեզնից սպասում աշխարհը», - ասել Է Ջայշանկարը:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են «COVID-19-ի համավարակը, մատակարարումների շղթաների անկայունության շուրջ մտահոգությունները, շարունակվող հակամարտությունների հետևանքները, պարտքային ճգնաժամը և կլիմայի փոփոխությունը»: Մարտի 2-ին Նյու Դելիում անցկացվում Է Մեծ քսանյակի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այն սկսվել Է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների։