Ֆինլանդիան ձեռնամուխ Է եղել ՌԴ-ի հետ սահմանին արգելապատի կառուցմանը
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով ՆԱՏՕ-ի թեկնածու Ֆինլանդիան սկսել է 200 կիլոմետր երկարությամբ երեքմետրանոց արգելապատնեշի կառուցումը Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին։ Ըստ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության՝ բուն շինարարական աշխատանքները կսկսվեն մարտին՝ ծառերը կտրելուց հետո։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից: Երեք կիլոմետր երկարությամբ արգելապատի առաջին հատվածը կկանգնեցվի Իմատրայում՝ երկրի հարավ-արևելյան մասում։ Եվս 75 կիլոմետրը կկառուցվի մինչև 2025 թվականը։ Շինարարության արժեքը գնահատվում է 380 մլն եվրո։ Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի սահմանի ընդհանուր երկարությունը կազմում Է 1300 կիլոմետր:
Երեք մետրանոց պարիսպը կսարքավորվի փշալարերով, իսկ առանձին հատվածներում կտեղադրվեն գիշերային տեսունակության տեսախցիկներ, լապտերներ ու բարձրախոսներ։ Ներկայում ֆինն-ռուսական սահմանին տեղադրված Է միայն հասարակ փայտե ցանկապատ։ Ֆինլանդիայում, սակայն, անհանգստանում են, որ Ռուսաստանը կարող է միգրանտներին օգտագործել որպես քաղաքական լծակ, ուստի խորհրդարանը հուլիսին հավանություն Է տվել օրենսդրական այն փոփոխություններին, որոնք հեշտացնում են սահմանային պատնեշների կառուցումը:
Բրիգադի գեներալ Յարի Տոլպանենի խոսքով՝ նախկինում ֆինն-ռուսական սահմանը լավ է գործել, սակայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններն սկզբունքորեն փոխել են իրադրությունն անվտանգության ոլորտում, ուստի սահմանային արգելապատի կառուցումն անհրաժեշտ Է դարձել Ռուսաստանի կողմից անօրինական միգրանտների զանգվածային մուտքը կանխելու համար։
Սեպտեմբերին մեծ թվով ռուսաստանցիներ են փախել Ֆինլանդիա այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկրում մասնակի զորահավաքի մասին։ Մայիսին Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում հակամարտության ֆոնին, հրաժարվեցին իրենց երկարամյա արտադաշինքային կարգավիճակից և ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին։