Չինաստանը նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել Բոհայի ծոցում
Չինաստանի ազգային մերձցամաքային նավթային կորպորացիան (CNOOC) Բոհայի ծոցում հայտնաբերել է նավթի խոշոր հանքավայր, որի պաշարները կազմում են 100 միլիոն տոննա նավթահումք, ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Մարտի 1-ին Չինաստանի ազգային մերձցամաքային նավթային կորպորացիան հայտարարել Է, որ Բոհայի ծոցում բացվել Է նավթի հանք՝ «Բոչժուն 26-6»-ը, որի նավթի պաշարները կազմում են 100 միլիոն տոննա», - ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ընկերության գնահատականներով՝ հանքավայրի հորանցքը կարող է օրական արդյունահանել շուրջ 2040 բարել նավթահումք և 320 հազար խորանարդ մետր գազ։
Ինչպես այսօր հստակեցրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, նավթի հանքավայրը գտնվում է Բոհայի ծոցի հարավային մասում՝ Դեղին ծովում, Տյանցզին քաղաքից մոտավորապես 170 կիլոմետր հեռավորության վրա։ Ջրի միջին խորությունը հանքավայրի նկատմամբ կազմում Է շուրջ 22,1 մետր։
2021 թ. սեպտեմբերին CNOOC-ը հայտարարել Էր Բոհայի ծոցում «Քենլի 10-2» հանքավայրի բացման մասին, որի նավթի պաշարները գերազանցում են 100 միլիոն տոննան:
Ավելի վաղ չինական Sinopec նավթաքիմիական կորպորացիան հաղորդել Էր, որ ըստ կանխատեսումների՝ Չինաստանում նավթի սպառումն իր առավելակետին հասնի մոտավորապես 2026 թ.-ին, ինչը համաշխարհային մակարդակից առաջ Է չորս տարով: Սպասվում է, որ առավել բարձր ցուցանիշը կկազմի շուրջ 800 մլն տոննա, իսկ հետո տարեցտարի սպառման ծավալները կնվազեն։