Չինական նավը խորտակվել է Սախալինի ափերին
Թաթարական նեղուցում՝ Խաբարովսկի երկրամասի Վանինո նավահանգստից 42 մղոն հեռավորության վրա, այսօր չինական բեռնատար նավ է խորտակվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Մարտի 1-ին Թաթարական նեղուցի ջրատարածքում, Վանինո ծովային նավահանգստից 42 մղոն դեպի հարավ, հարավ-արևմուտք խորտակվել է YONG XING 56 (ՉԺՀ դրոշ) չորաբեռնատար նավը», -հաղորդում է Ծովային և գետային փոխադրամիջոցների դաշնային գործակալության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ նավը բեռնված էր 29 հազար տոննա կավահողով: Այն աղետի ազդանշան էր ուղարկել՝ հայտնելով, որ նավի մեջ ջուր է լցվում: Չինաստանի 21 քաղաքացիներից բաղկացած անձնակազմը իջել Է ծովի սառույցի վրա, նրանց վերցրել Է մեկ այլ նավ։
Նավաստիներից ոչ ոք չի տուժել, բոլորն էլ առողջ են, նշում է մամուլի ծառայությունը։ Այժմ նրանք գտնվում են «Օտտո Շմիդտ» փրկարարական քարշակ-նավի վրա։
Դեպքի վայր է ժամանել ծովային փրկարար ծառայության «Ռուբին» փրկարարական նավը, սակայն չինական չորաբեռնատար նավը խորտակվել է մարտի 1-ի առավոտյան՝ 253 մ խորության վրա։
Պատահարի պատճառը եղել է 2 մետր 1,5 մետր չափերի ճեղքվածքը ֆորպիկի (նավի ծայրային հատվածամաս), նավախոյի միջնորմի և աջ կողմի թիվ 1 նավամբարի շրջանում: Ըստ մամուլի ծառայության՝ պոմպերը չեն հասցրել դուրս մղել նավ լցվող ջուրը։