Քրեական վարույթ` չորս հոդվածի հատկանիշներով. պարեկների բացահայտումը
Փետրվարի 26-ի կեսգիշերին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննություն անցած չլինելու հիմքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայում վարորդն էր և մեկ ուղևոր՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ: Անմիջապես ի հայտ եկավ երկրորդ խախտումը. 39-ամյա վարորդը մեքենան վարում էր վարորդական իրավունքից զրկված վիճակում: Եվ սա դեռ բոլորը չէր. շուտով պետք է հայտնաբերվեր ավելի լուրջ իրավախախտում:
Մինչ մեքենան տեղափոխվում էր պահպանվող հատուկ տարածք, Գեղարքունիքի պարեկները նկատեցին, որ 38-ամյա ուղևորը դրսևորում է կասկածելի վարքագիծ: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալվեցին և տեղափոխվեցին Սևանի բաժին:
Խուզարկության ժամանակ ուղևորը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Նրա մոտ հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով կաթուցիչներ, իսկ ծխախոտի տուփի մեջ 33 գրամից ավելի քաշով սպիտակ բյուրեղանման զանգված կար: Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ։
Ուղևորը հայտնեց, որ չորս օր առաջ թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։
Վարորդը և ուղևորը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Քրեական օրենսգրքի չորս հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: