Սեյսմոլոգը ձերբակալվել է ատելություն սերմանելու կասկածանքով
Ոստիկանությունը երեքշաբթի օրը ատելություն սերմանելու կասկածանքով ձերբակալել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաֆիզիկայի պրոֆեսոր Ահմեթ Էրջանին՝այն բանից հետո, երբ Twitter-ում գրառում է կատարել կանանց բռնաբարության մասին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TGRT-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրջանը Twitter-ում գրառում է կատարել, որ երկրաշարժի գոտում կանայք բռնաբարվել են առաջին երկու օրերին՝ զինվորականների՝ իբր ուշ ժամանման պատճառով։
Այս պահին պրոֆեսորի Twitter-ից բացակայում է այս հաղորդագրությունը, սակայն կան մի քանի գրառումներ նրա՝ Մալաթիա քաղաք մեկնելու մասին, որը տուժել է տարերքից։
«Էրջանը ձերբակալվել է Էլազիգում՝ Մալաթիայի դատախազի հանձնարարությամբ՝ ատելություն հրահրելու գործի հետաքննության շրջանակներում», – հայտնում է հեռուստաալիքը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում մահացել է ավելի քան 44 հազար մարդ։ Հետցնցումների թիվը գերազանցել է 11 հազարը, երկուշաբթի Մալաթիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։