Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են անմեղ զոհերի հիշատակը, հաղորդում է AnalitikaUA պարբերականը:
Փետրվարի 26-ին՝ Մեծ Պահքի երկրորդ կիրակի օրը մատուցված սուրբ պատարագից հետո աղոթք Է հնչել զոհված հայերի հիշատակին, սոցցանցի իր էջում նշել է Տեր Յուսիկ քահանա Նուրիջանյանը։
Ինչպես հրատարակությանը հայտնել է Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը, ննջեցյալների հոգեհանգստյան կարգ Է կատարվել երկրի բոլոր հայկական եկեղեցիներում: Կիևում ժամերգություն Է կայացել Սրբոց Նահատակաց մատուռում, պատարագ են մատուցել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։
AnalitikaUA-ն նշում է, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը հանգեցրել են տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների։
Սա բեկումնային կետ է դարձել ազգամիջյան հակամարտության սրման գործում, որն առաջացրել Է հայ փախստականների առաջին հոսքերը Սումգայիթից Ղարաբաղ և Հայաստան։ Սումգայիթի ջարդերի զոհերի ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։
Այն ժամանակվա պաշտոնական տվյալների համաձայն՝ սպանվել է 26 հայ, սակայն կան բազմաթիվ վկայություններ, որ երեք օրվա ընթացքում քաղաքում սպանվել ու խոշտանգվել են մի քանի հարյուր հայեր։ Սումգայիթի ողբերգությունը լայնորեն դատապարտվել Է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրախորհրդարանի բանաձևով։
Սումգայիթի զոհերի հիշատակը հարգում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. առաջիններից մեկը, որ իր վերաբերմունքն Է հայտնել ողբերգության կապակցությամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն էր։