Միգրանտների կարճաժամկետ այցի տևողությունը կխստացվի
Օրացուցային տարվա ընթացքում Ռուսաստանում օտարերկրացիների կարճաժամկետ այցի մեկ ժամկետը կարող է սահմանափակվել 90 օրով:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի կենտրոնում՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցմանը։
«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի (ելքի) և Դաշնությունում գտնվելու (բնակության) պայմանների մասին» դաշնային օրենքի նախագծով ենթադրվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կարճաժամկետ կեցության մեկ ժամկետը սահմանել 90 օր՝ օրացուցային տարվա ընթացքում», - ասել է գործակալության զրուցակիցը։ ՌԴ ՆԳՆ-ում նշել են, որ երկարաժամկետ կեցության իրավունք ունեցող օտարերկրացիների համար (ուսանողներ, աշխատանքային միգրանտներ) գտնվելու ժամկետը կորոշվի՝ կախված նման իրավունք ստանալու հիմքերից։
Գործող օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում անայցագիր հիմունքներով գտնվող օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օր (վեց ամիս) ժամանակամիջոցում: Ռուսաստանում այս կատեգորիայի օտարերկրացիների ժամանակավոր գտնվելու չընդհատվող ժամկետը նույնպես չի կարող գերազանցել 90 օրը: 2022 թ. սեպտեմբերին նշված օրինագիծը ներկայացվել է Ռուսաստանի կառավարություն: Ներկայում այն լրամշակվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազում: