Հիմա դատավորներ կդառնան մարդիկ, որոնք նույնիսկ իրավաբաններ չեն. Հարությունյան
Կարծես թե դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցման (անհեթեթության) կապակցությամբ միայն դատավոր Դավիթ Հարությունյանը խոսեց (բրավո): Ըստ ամենայնի` դատական իշխանությունն ամբողջովին ենթարկեցվել է գործադիրին: Բոլոր չենթարկվողներին կա՛մ ենթարկեցրեցին, կա՛մ էլ` պաշտոնանկ արեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Հիմա դատավորներ կդառնան մարդիկ, որոնք նույնիսկ իրավաբաններ չեն ու իրենց լավագույն երազներում չեն պատկերացրել, որ մի օր դատավոր կդառնան: Այս մարդիկ բացարձակ լոյալ են լինելու իրենց նման աննախադեպ հնարավորություն ընձեռողների նկատմամբ: Նույն մոդելն է, ինչ կյանքում ոչինչ չարած ու ոչնչի չհասած իշխանական պատգամավորների դեպքում, որոնցից բացառապես հավատարմություն է պահանջվում։
Այս դատավորների մենթորությունն էլ «լավագույն ավանդույթներով» իրականացնելու են նախկին ենթարկված «փորձառուները»:
Մի խոսքով` դատական իշխանության իրական անկախության շանսը մսխված է, և մենք դարձ ենք կատարում ի շրջանս յուր:
Այնուամենայնիվ, շնորհակալություն բոլոր համարձակ ու իսկական դատավորներին. դուք ցույց տվեցիք, թե ինչպես պետք է աշխատի իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը: Նրան, ինչին պետք է ձգտենք մենք` Հայաստանում մնացող ու մտահոգ քաղաքացիներս»,- գրել է Հարությունյանը։