Շան հարձակման թիրախ դարձած 80-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, ևս երկու մարդ հոսպիտալացվել է
Տեխասում 80-ամյա տղամարդը մահացել է շան հարձակման հետևանքով, ևս երկու մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Independent-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սան Անտոնիոյում փետրվարի 24-ին։
Հայտնի է, որ երկու Staffordshire Terriers, որոնք պատկանում են տեղի բնակիչներին, հարձակվել են տարեց տղամարդու վրա։ Ստացած վնասվածքների հետևանքով նա հիվանդանոցում մահացել է։
Միջադեպի հետևանքով տուժել է ևս երկու մարդ՝ մեկի ոտքն է կծել, մյուսի՝ ձեռքը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Արտակարգ ծառայությունները կարողացել են շներին հսկողության տակ վերցնել։ Կենդանիների վերահսկողության ղեկավար Շենոն Սիմսի խոսքերով, հարևանները տարիներ շարունակ բողոքում են այս շներից:
«Սեփականատերերը թքած ունեն։ Խնդիրն այն տերերն են, ովքեր օգտագործում են այդ շներին որպես պաշտպանության ձև և ավելի ագրեսիվ են դարձնում այդ շներին»,- ասել է նա։
Ներկայումս կատարվում է հետաքննություն։ Հայտնի չէ, թե արդյոք շան տերերին մեղադրանք կառաջադրվի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սամարայում թափառող շների ոհմակը քիչ էր մնում սպաներ երեխային։