Համաշխարհային բանկը Թուրքիայում երկրաշարժերի վնասը գնահատել է 34,2 մլրդ դոլար
Համաշխարհային բանկը (ՀԲ) փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել է 34,2 մլրդ դոլար, այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Shantnews.am-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է կազմակերպության մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրությունում։
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու շատ ուժեղ երկրաշարժերը Թուրքիային պատճառեցին 34,2 միլիարդ դոլարի ուղղակի ֆիզիկական վնաս, որը համարժեք է 2021 թվականին երկրի ՀՆԱ-ի 4%-ին։
Աղետի հետեւանքների վերականգնումն ու վերացումը կարող է ավելի թանկ արժենալ Թուրքիային։
«Զեկույցում նաև նշվում է, որ վերականգնման և վերակառուցման արժեքը կլինի շատ ավելի բարձր, գուցե կրկնակի, և որ ՀՆԱ-ի կորուստները, որոնք կապված են տնտեսական խաթարման հետ, նույնպես կավելացնեն երկրաշարժերի վնասը», – բացատրում է կազմակերպությունը:
Շարունակվող հետցնցումները կարող են շտկել այս գնահատականը, նշվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում և հարակից երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Երկուշաբթի օրը Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու նոր հարված է գրանցվել։ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը: