Սիրիան շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո իրենց օգնություն ցուցաբերած երկրներին
Երկրաշարժից տուժածներին աջակցելու նպատակով մարդասիրական օգնությամբ Սիրիա է ժամանել 244 ինքնաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի փոխնախարար Մոաթազ Քաթանը։
«Մինչ այժմ Սիրիա է ժամանել մարդասիրական օգնության 244 ինքնաթիռ, ինչպես նաև մարդասիրական օգնության ավտոշարասյուններ, որոնք հատել են ցամաքային սահմանը՝ երկրաշարժին օգնելու համար»,- նշել է Քաթանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր արաբական և մյուս երկրներին, որոնք տարերային աղետի առաջին իսկ րոպեներից աջակցել են Սիրիային:
«Այս օգնությունը կարեկցանքի և աջակցության արտահայտություն է սիրիական պետությանը աղետի հետևանքների հաղթահարման գործում»,-շեշտել է փոխնախարարը:
Նա ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները երկրաշարժի հետևանքների պատճառով կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, որոնք աջակցություն են պահանջում՝ հաշվի առնելով 12-ամյա պատերազմից հետո սիրիական պետության հնարավորությունները։