Ադրբեջանը արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ
«Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար», - Ազատության փոխանցմամբ հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածած հաղորդագրությունը։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանը «անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Այդ նպատակով Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ միասնական էներգետիկ համակարգ է ձևավորել»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը նաև պնդում է, որ «Հայաստանը անօրինականորեն շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը», ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է։