Կնոջը հարկադրել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ
Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի մի բնակչուհի, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու դրդմամբ, փողի դիմաց սեռական հարաբերություն էր ունեցել: Տեղեկությունների հավաստիությունը պարզելու ուղղությամբ Աշոցքի ոստիկանները միջոցառումներ ձեռնարկեցին։
Նախնական տվյալներով՝ 19-ամյա կինը 34-ամյա ամուսնու հետ, որը Գյումրիի բնակիչ է, անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Արմավիրի մարզում բնակվող իրենց ծանոթին և գիշերել նրա տանը: Ամուսինը իրենց հյուրընկալած տղամարդուն առաջարկել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ՝ ասելով, որ իրենց փող է պետք, որ Գյումրի վերադառնան: Արմավիրի մարզի բնակիչը սեռական հարաբերություն էր ունեցել 19-ամյա կնոջ հետ։ Կատարվածից հետո կինը ամուսնուց բաժանվել էր։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու հատկանիշներով։
Աշոցքի ոստիկանները, համագործակցելով Ախուրյանի բաժնի գործընկերների հետ, 34-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու ներկայացրին նախաքննական մարմին։ Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: