Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինա զինտեխնիկա ուղարկելու մասին լուրերը
Ղազախստանից Ուկրաինա զինտեխնիկայի ենթադրյալ առաքման մասին տեղեկությունները, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերում, չեն համապատասխանում իրականությանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 27-ին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է զրահափոխադրիչների ու բեռնատարների երկաթուղով տեղափոխումը։ Հրապարակման հեղինակները պնդել են, որ ձայնագրությունն արվել է Ալմա Աթայում, իսկ արևմտյան հիմնադրամներից վճարված սարքավորումները պետք է ուղարկվեն Ուկրաինա։
«Սոցցանցերում տարածված տեղեկատվությունը Ղազախստանի զինտեխնիկայի իբր Ուկրաինա առաքելու մասին չի համապատասխանում իրականությանը։ Տեսանյութը արխիվային է, քանի որ զրահատեխնիկան ուղարկվել է պլանային վերանորոգման, իսկ զինտեխնիկան ներկայումս պահեստում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հիշեցրել է, որ 2022 թվականի օգոստոսի 27-ից Ղազախստանում զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման արգելք է սահմանվել: