Կրակոց ու դանակահարություն Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում․ մեկ վիրավոր կա
Փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Կենտրոնական բաժնից քրեական հետախույզներ մեկնեցին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում միջադեպ էր եղել։ 19-ամյա մի երիտասարդ ակումբում ատրճանակից կրակել էր, ակումբի մենեջերն էլ միջամտել էր։ Վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակով խփել էր մենեջերին։ Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ հայտնաբերվեցին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։