Իտալիայի ափերին նավաբեկության հետևանքով գրեթե 60 ներգաղթյալ է զոհվել
Իտալիայի Կալաբրիայի մարզի ափերի մոտ փետրվարի 26-ին ներգաղթյալների տեղափոխող փայտե նավը բախվել է ժայռերին: Փրկարարները ջրից դուրս են բերել 59 ներգաղթյալի մարմին, 80 հոգու հաջողվել է փրկել, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:
Նավում եղել է շուրջ 200 ներգաղթյալ: Իշխանությունները մտավախություններ ունեն, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 100-ը: Զոհերի թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, այդ թվում՝ մեկ նորածին։
Մեկ մարդ տարվել է հարցաքննության, քանի որ փրկվածներից մի քանիսը հայտնել են, որ նա զբաղվում էր մարդկանց թրաֆիքինգով:
ՄԱԿ-ի փախստականների և ներգաղթի հարցերով գործակալությունները հայտնել են, որ նավը դուրս էր եկել Թուրքիայից: Նշվում է, որ տախտակամածին գտնվող ներգաղթյալների մեծ մասը Աֆղանստանից էին, Պակիստանից և Սոմալիից:
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:
2022 թ.-ին Իտալիայի ափեր է հասել շուրջ 105 հազար ներգաղթյալ, ինչը 38 հազարով ավելի է 2021 թ.-ի ցուցանիշներից: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ Թուրքիայից ժամանող ներգաղթյալները կազմել են ընդհանուր միգրանտների թվի 15 %-ը:
Ըստ «Անհետ կորած ներգաղթյալների նախագծի» տվյալների՝ 2014 թ.-ից ի վեր Միջերկրական ծովում զոհվել կամ անհետ կորել է 25 983 ներգաղթյալ: 2022 թ.-ին անհետ կորած և զոհված միգրանտների թիվը կազմել է 2406: