Իտալիայում նավաբեկությունը ավելի քան 50 ներգաղթյալի կյանք է խլել
Հարավային Կրոտոնե քաղաքի մոտ նավաբեկության հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 58-ի: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայություններին։
Ինչպես ճշտվում է, մարմինների մեծ մասը հայտնաբերվել է դեպքի վայրին հարող լողափերում։ Զոհերի թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, այդ թվում՝ մեկ նորածին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 45 մարդ, ողջ է մնացել 80-ը։ Առայժմ իշխանությունները դժվարանում են նշել նավում գտնվողների ճշգրիտ թիվը, որը կարող է տատանվել 150-250-ի սահմաններում։ Նավը, որով նրանք նավարկում էին, ենթադրաբար Թուրքիայից է, խորտակվել է անբարենպաստ եղանակային պայմաններում՝ ափից 100 մետր հեռավորության վրա։
Il Messaggero թերթը նշել է, որ ողջ մնացածների վկայությունների համաձայն՝ նավակում եղել է 250 մարդ, ենթադրաբար՝ Աֆղանստանից, Իրանից և Պակիստանից: Նրանց նավը անբարենպաստ եղանակային պայմաններում ափամերձ խութերի է բախվել և կոտրվել։
Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:
ՆԳՆ-ի տվյալներով՝ տարեսկզբից ծովով Իտալիա են ժամանել արդեն ավելի քան 14 հազար միգրանտներ՝ մոտ երեք անգամ ավելի, քան 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածում: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում արդեն առնվազն 130 մարդ է զոհվել: