Ակնկալում ենք վճռական քայլեր «Ռոսատոմի» և ՌԴ ատոմային արդյունաբերության դեմ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Եվրոպական Միության հաստատած պատժամիջոցների 10-րդ փաթեթը:
«Պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուղղված է ռուսական ռազմական արդյունաբերության, քարոզչության և ֆինանսական համակարգի դեմ։ Ագրեսորի վրա ճնշումը պետք է ուժեղանա. ակնկալում ենք վճռական քայլեր «Ռոսատոմի» և ՌԴ ատոմային արդյունաբերության դեմ, ինչպես նաև ճնշման ավելացում զինվորականների և բանկերի վրա»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթը ներառում է, մասնավորապես, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող, քարոզչություն տարածող կամ անօդաչու թռչող սարքեր մատակարարող անհատների և կազմակերպությունների դեմ թիրախային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ «ռուսական ապատեղեկատվության» դեմ: