Բայրամովը Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայկական կողմի պնդումները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ ասել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։
Նշենք, որ այս հայտարարությամբ, փաստացի Բայրամովը հակադարձում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Ի դեպ, Բաքուն դեռ չի կատարել դատարանի որոշումը՝ բացել Լաչինի միջանցքը։