Թուրքիայում լրագրողներ են ձերբակալվել
Ֆրիլանս լրագրող Միր Ալի Քոչերը, ով Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո իր տեսախցիկով գնացել է տուժած շրջաններ, զրուցել մարդկանց հետ ու «Թվիթեր»-ում կիսվել փրկվածների ու փրկարարների մասին պատմություններով, այժմ հետաքննվում է «կեղծ լուրերի» տարածման կասկածանքով, նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:
Նա առնվազն չորս լրագրողներից մեկն է, որոնց հետաքննում են երկրաշարժի մասին լուրեր հաղորդելու կամ մեկնաբանելու համար:
Քոչերն ազգությամբ քուրդ է, թղթակցում է ընդդիմադիր կայքերի: Երկրաշարժի գիշերը ինքը Դիարբեքիրում է եղել: Իր մեքենայով գնացել է Գազիանթեփ քաղաք, ցնցվել երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում տեղի ունեցած ավերածություններից, զոհերից:
«Երբ բռնում էի խոսափողը, տեսախցիկի հետևում կամ տեսախցիկի առջև՝ ես չէի կարողանում զսպել արցունքներս», - պատմել է Քոչերը:
Քոչերը տպավորվել է Արևմտյան Թուրքիայից ժամանած կամավորների և փրկարարական խմբերի հոսքից ու նրանց մասին պատմություններով կիսվել «Թվիթեր»-ում:
Փրկվածներից ոմանք նրան ասել են, որ օրեր շարունակ օգնություն չեն ստացել: Նմանատիպ բողոքներ են վկայակոչվել նաև ընդդիմադիր լրատվամիջոցներում:
Երկրաշարժից տուժած շրջաններ այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդին ասել է, որ վերակառուցելու է իրենց քաղաքները, բայց նաև զգուշացրել, որ «կեղծ լուրեր» տարածողները և «սոցիալական քաոս առաջացնողները» քրեական պատասխանատվության կենթարկվեն: Թուրքիայի նախագահը նրանց անվանել է սադրիչներ։
Լրագրողը Քոչերը պատմել է, որ մինչ ինքը երկրաշարժից տուժած շրջանից նորություններ հաղորդելիս է եղել, Դիարբեքիրի ոստիկանությունը գրություն է թողել իր բնակարանում, որ ներկայանա ոստիկանության բաժանմունք: Նրանք հայտնել են, որ հետաքննվում է վերջերս ընդունված ապատեղեկատվության մասին օրենքով:
Նշվում է, որ Թուրքիայում նոր օրենքն ընդունվել է հոկտեմբերին։ Այն քրեականացրել է ապատեղեկատվության հրապարակային տարածումը և պետությանը տվել է շատ ավելի լայն լիազորություններ՝ վերահսկելու լրատվական կայքերը և սոցիալական մեդիան:
Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրոպայի խորհրդի իրավական հսկողություն իրականացնող մարմինը, ասել է, որ օրենքը կխոչընդոտի խոսքի ազատությանը: Ընդդիմադիր կուսակցություններն այն անվանել են «գրաքննության օրենք»։
Ոստիկանությունը նրան հարցաքննել է երկրաշարժի էպիկենտրոնից տեղեկություններ հաղորդելու վերաբերյալ և մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
Քոչերը պնդում է, որ ինքը բծախնդիր է եղել իր աշխատանքում և հարցազրույց է վերցրել բոլոր կողմերից՝ փրկվածներից մինչև ոստիկանություն, փրկարարներ: «Ես տեղեկատվություն չեմ փոխանցել առանց մանրակրկիտ հետազոտության և վերլուծության»,- ասում է նա։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Քոչերի դեմ հետաքննությունն անվանել է «աբսուրդ» և կոչ արել իշխանություններին դադարեցնել այն:
Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ առնվազն ևս 3 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լրագրողների երկուսը քննադատել են Կառավարության գործադրած փրկարարական ջանքերը: Մյուսը ձերբակալվել է «ատելություն հրահրելու» կասկածանքով՝ Կառավարության փրկարար ջանքերը քննադատող կամավորի հետ հարցազրույցի համար: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ նա ավելի ուշ ազատ է արձակվել: