Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգի հրացանի և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժիններում էլ արձանագրվել են տարբեր տեսակի հրացանների կամավոր հանձնման դեպքեր։
Մալաթիայի բաժնում կամավոր հանձնել են նաև թմբուկավոր ատրճանակ և զինամթերք։ Թմբուկավոր ատրճանակի և նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները. արդյունքը՝ հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնում։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։