Աբխազիայի ԱԳՆ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Անդրկովկասի հարցերով Ժնևյան քննարկումների վերսկսումը
Աբխազիայի փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան, որը Ժնևյան քննարկումներում գլխավորում է աբխազական պատվիրակությունը, և Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան քննարկումների համանախագահ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուն քննարկել են Ժնևյան քննարկումների վերսկսման հարցերը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Կայացել Է Իրակլի Տուժբայի հեռախոսազրույցը Ջիհան Սուլթանօղլուի հետ։ Զրույցի ընթացքում Տուժբան ևս մեկ անգամ հավաստել է աբխազական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը բանակցությունների գործող ձևաչափի շրջանակներում։ Ընդ որում, նշվել է, որ Ժնևյան քննարկումների փուլերի չեղարկման ու հետաձգման՝ վերջին ժամանակներս հաճախացած գործելակերպը լուրջ վնաս է հասցնում այս կարևոր միջազգային մեխանիզմի աշխատանքին», - հայտնել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը՝ ամփոփելով Տուժբայի և Սուլթանօղլուի հեռախոսազրույցի արդյունքները։
Մամուլի կենտրոնի տեղեկատվությամբ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչն «ընդգծել է նաև ժնևյան քննարկումների շրջանակներում աշխատանքը շարունակելու շահագրգռությունը և վստահեցրել, որ համանախագահները կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը բանակցային գործընթացը վերսկսելու համար»։
«Նշվել է, որ բանակցությունների բոլոր մասնակիցների հետ վերջնական համաձայնեցումից հետո համանախագահները պաշտոնապես կհայտարարեն քննարկումների հաջորդ փուլի օրը», - ասված է հաղորդագրության մեջ։ Հունվարի վերջին Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունն արգելեց Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան քննարկումների համանախագահների մուտքը հանրապետություն՝ փետրվարի վերջին նախատեսված հաջորդ փուլը չեղարկելու՝ միակողմանի որոշման պատճառով։ Արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվությամբ՝ 2022 թ.-ին նախատեսված չորս հանդիպումներից կայացել Է միայն մեկը: